Արդեմ Պատապուտյանն ամերիկացի գիտնական Դևիդ Ջուլիուսի հետ համատեղ Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2021 թվականին Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի Դևիդ Ջուլիուսը և ամերիկաբնակ բեյրութահայ Արդեմ Պատապուտյանը:
Ինչպես հայտնում է The Nobel Prize թվիթերյան էջը, գիտնականները մրցանակին արժանացել են ջերմաստիճանի ընկալիչների և շոշափելիքի ուսումնասիրության ժամանակ արված բացահայտումների համար:
Նոբելյան մրցանակը գիտության և գրականության ասպարեզում շնորհվող ամենահեղինակաավոր մրցանակն է: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ այն շնորհվում է 5 անվանակարգում՝ ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա, բժշկություն և գրականություն, ինչպես նաև ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը նպաստելու համար:
Արդեմ Պատապուտյանը մոլեկուլար կենսաբան և նյարդակենսաբան է: Ներկա պահին աշխատում է Կալիֆոռնիայի Լա Խոյա շրջանում գտնվող Scripps Research կենտրոնում: Կենսաբանություն ուսումնասիրել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: