Գյումրիում բացվեց Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան
Գյումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։
Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։ Թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի և այլն։ Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ։
Առանձին սրահում ցուցադրվելու է Մայր Հայաստանի պատկերագրությանը և Առաջին հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր։
Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նորանոր նյութերով։ Հավաքածուն ամբողջությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն է: «Տարիներ շարունակ ես տարբեր աճուրդներից ու տարբեր ճամփորդությունների ժամանակ ձեռք եմ բերել այս ցուցանմուշները»,- «Արմենպրես»-ին նշեց Հայկ Դեմոյանը:
«ԱԿՈՒՄԲ 1887»-ը ալեքսանդրապոլյան ոճի ներքին հարդարանքով կազմակերպված պատմական միջավայր է, որտեղ կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ՝ ցերեկույթներ, շնորհանդեսներ, հարցազրույցներ, լուսանկարչական շարքերի ու կինոնկարահանումներ ։
2021 թ․ թանգարանը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի։