Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հեգնանքով է մեկնաբանել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ձերբակալությունը՝ գրելով, որ նա «կարող էր հանգիստ ապրել Մոսկվայում», եւ որ կուսակցությունը միջոցներ կձեռնարկի նրան ազատ արձակելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա: Մենք՝ ՌԼԴ կուսակցությունը, բոլոր միջոցները կձեռնարկենք ձեր ազատ արձակման համար: Իսկ մինչ այդ, Միշա, դիմացիր: Ես գիտեմ, թե ինչ ճաշացանկ են պատրաստել վրացական իշխանությունները քո ժամանման համար։ Որպես առաջին՝ փտած ձկան պոչերից ապուր, որպես երկրորդ՝ կարտոֆիլի կեղեւից խյուս, եւ կիսել՝ Առաջին համաշխարհային պատերազմի փոշուց»,- գրել է Ժիրինովսկին իր Telegram-ալիքում:
Քաղաքական գործիչը սարկազմով հավելել է. «ՌԼԴԿ-ն քեզ հետ է, մենք կփրկենք քեզ»:
«Սակայն կարող էիր հանգիստ ապրել Մոսկվայում, հանդիպել Յանուկովիչի հետ, նարդի խաղալ Հին Արբատում, բայց քո չափից ավելի որկրամոլության զոհ դարձար»,- հավելել է Ժիրինովսկին: