Վարդաքարի ջրամբարի տարածքում մաքրման աշխատանքներ են տարվել
Շիրակի մարզի ջրային տարածքներն աղտոտված են: Խոսքը մասնավորապես ջրամբարների մասին է: Գյուղերում կենցաղային աղբը թափվում է սելավատարների մեջ և ջրի հետ հասնում է մինչև ջրամբարներ: Աղտոտված ջրով ոռոգվում են հարակից գյուղերի ցանքերը: Վարդաքարի ջրամբարի տարածքը մաքրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Հայկական կարիտասի կամավորները և հարակից գյուղերի բնակիչները։ Ջրամբարի տարածքից հեռացրել են մեծ ծավալի կենցաղային աղբ և պլաստիկե թափոններ:
Վարդաքարի ջրամբարը ոռոգման ջրով է ապահովում Արթիկի տարածաշրջանի 7՝ Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Սարատակ և Հայրենյաց գյուղերին: Սելավաջրերը բարձրադիր գյուղերից սելավատարներով հասնում են ջրամբար: Սելավատարները շատ գյուղերում նաև աղբատարի դեր են կատարում, իսկ կուտակված աղբը ջրի հետ հասնում է մինչև ջրամբար:
«Աղբը ջրամբարի տարածքում կուտակվում է հիմնականում գարնանը, երբ ձնհալի ջրերը հոսում են ու իրենց հետ բերում այն, ինչ սելավատարներն են գցում բարձրադիր գյուղերի բնակիչները: Արթիկի տարածաշրջանի բոլոր գյուղերում աղբահանություն կատարվում է և գյուղապետարանները պետք է հսկեն, որ աղբը հայտնվի ոչ թե սելավատարում, այլ աղբամանում: Սելավատարներին մոտ ապրողներն են հիմնակում աղտոտում»,- Shantnews-ին ասել է Հոռոմի գյուղապետարանի գյուղմասնագետ Գուրգեն Հարոյանը:
Հոռոմի գյուղապետարանի գյուղմասնագետը ներկայացրել է, թե որն է կենցաղային աղբի ջրամբարի տարածքում կուտակվելու իրական վտանգը: Ջուրն աղտոտվում է, որով իրենք ցանքերն ու բանջարանոցներն են ջրում և սա տարածքի աղտոտման միակ հետևանքը չէ:
«Աղբի կուտակման հիմնական վտանգն այն է, որ պլաստիկ շշերը անասուններն ուտում են: Հետևանքում կենդանիների անկումներ են տեղի ունենում: Պարբերաբար նման դեպքեր կան հարակից գյուղերում: Պետք է հաճախակի մաքրել տարածքը»,- ասել է Գուրգեն Հարոյանը:
Շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում աղբի տեսակավորում և վերամշակում տեղի չի ունենում: Պլաստիկ շշերին և իրերին երկրորդ կյանք տալու փորձն առկա է աշխարհի շատ զարգացած երկրներում:
Վարդաքարի ջրամբարի տարածքից 200 պարկ աղբ է հեռացվել: