«Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից՝ հանդիպումը խոստումնալից էր». Ալիևը՝ ՄԱԿ-ի ԳՎ-ում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հետո, ադրբեջանցի նախարարն իրեն «խոստումնալից տեղեկատվություն» է տվել:
«Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Պատերազմի ավարտից հետո սա առաջին դեպքն էր: Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից, կարծում եմ, որ հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից»,-ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ «պատերազմի ավարտից հետո իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ»
«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել մեր սահմանների սահմանազատումը և, իհարկե, այս գործընթացն ավարտելուց հետո՝ սահմանագծել: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանի հետ աշխատանք սկսել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ», - ասել է Ալիևը: