Չեխիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. Նախարարները հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների հարցերին
Մեկնարկել է Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի պաշտոնական այցը Երևան:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Կուլհանեկը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յակուբ Կուլխանեկը հայ պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։ Հիշեցնենք, որ չեխ նախարարը Երևանում է աշխատանքային այցով։
Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ Չեխիան պատրաստ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժածներին եւ փախստականներին։
Նրա խոսքով՝ Չեխիան կշարունակի աջակցել խաղաղ գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում։ Այս առնչությամբ նախարարը ողջունել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ Մինսկի խմբի հովանու ներքո։
Հիշեցնենք նաև, որ մինչև Երևան գալը Չեխիայի արտգործնախարարը եղել էր Բաքվում։
ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ-ի դիրքորոշմանը եւ կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցության մեջ` ուղղված խաղաղ բանակցությունների շարունակմանը եւ երկարաժամկետ կարգավորման որոնմանը: Այդ կապակցությամբ նախարարը նշել է, որ Նյու Յորքում միջնորդների եւ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումները հաստատում են, որ խաղաղ քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում:
ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանի` բանակցությունների լիարժեք ձեւաչափը վերսկելու պատրաստակամությունը` հիմնված հայտնի սկզբունքների եւ տարրերի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարները քննարկել են նաեւ մարդասիրական հարցեր, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: