Եվրամիությունը 150 մլն եվրոյի հավելյալ ֆինանսավորում կտրամադրի Թուրքիայի փախստականներին
Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում պատրաստվում է ևս 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Եվրոպական խորհուրդ տեղեկացրել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։
ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս շուրջ 3․7 մլն սիրիացի է ապաստանել, ուստի նրանց շուրջ 149․6 մլն եվրո հավելյալ գումար կհատկացվի։ Նշվում է նաև, որ այդ գումարները կուղղվեն «Աջակցություն սոցիալական ադապտացիային» ծրարի շրջանակներում սիրիացի փախստականներին տրամադրվող «Կարմիր մահիկի» քարտերի ֆինանսավորմանը։ Այդպիսով հնարավոր կլինի փոխհատուցել Թուրքիայում ապաստանած շուրջ 1․8 մլն փախստականի բնակարանային վարձի, տրանսպորտի, սննդի, դեղորայքի և կոմունալ ծառայությունների համար կատարվող ծախսերը։
Հավելենք, որ նշված ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ է, որպեսզի առաջարկը հաստատվի նաև Եվրոպական խորհրդարանում։