Իրանը չի հանդուրժի, որ Իսրայելն անվտանգ ապաստան գտնի հարևան երկրներում. ԻՀՊԿ հրամանատար
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը զգուշացրել է հարևան երկրներին՝ թույլ չտալ Իսրայելին իրենց տարածքն օգտագործել որպես անվտանգ ապաստան:
«Հարևան երկրների կառավարությունները բոլորից լավ գիտեն, թե ինչու է Իրանը զորավարժանքներ իրականացնում սահմանային շրջաններում»,- գեներալի խոսքը փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը: Նման հայտարարությամբ իրանցի հրամանատարը հանդես է եկել ելույթ ունենալով լրագրողների առաջ Սանանդաջ արևմտյան քաղաքում:
Վերջինս հավելել է, որ Իրանը ոչ մի դեպքում «չի հանդուրժի, որ հարևան տարածքները վերածվեն անվտանգ ապաստանի սիոնիստական ռեժիմի գործողությունների և ներկայության համար»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առանց մատնանշելու Ադրբեջանի անունը, որի նախագահը օրերս հանդիմանական հայտարարությամբ էր հանդես եկել իրենց հետ սահմանային շրջանում անցկացվող իրանական զորավարժությունների վերաբերյալ, գեներալը նշել է. «Չենք կարող ընդունել, որ որևէ երկիր՝ երրորդ երկրի ազդեցության ներքո սադրիչ մեկնաբանություններ անի Իրանի մարտական ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանն ուղղված գործողությունների մասին»: