Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանն Իդլիբի հարցով. Военное Обозрение
Թուրքական մամուլը քննարկում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա այցը Ռուսաստան: Հիշեցնենք, որ Էրդողանը Սոչի էր մեկնել Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է բավականին հակիրճ տեղեկատվություն`հիմնականում Մոսկվայի և Անկարայի միջև տնտեսական և հումանիտար համագործակցության մասին:
Մինչդեռ, ինչպես գրում է Военное Обозрение-ն, Էրդողանի պատվիրակության թուրք պաշտոնյաները նշում են, որ բանակցությունների համար կարևոր թեմաներից մեկը Սիրիայի հարցն էր, մասնավորապես, սիրիական Իդլիբի թեման: Եթե հավատանք թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին, ապա Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են «պահպանել Իդլիբի վերաբերյալ ստատուս քվոն»:
Նշվում է, որ թուրք զինծառայողները «կշարունակեն վերահսկել իրավիճակը Իդլիբում՝ նախկինում ստեղծված դիտակետերում»: Թուրք պաշտոնյան, որի անունը թուրքական մամուլը չի նշում, ասել է, որ դա «երկու նախագահների միջև կարևոր համաձայնություն է»:
Ավելի վաղ Պուտինը բարձրացրել էր Սիրիայում մի շարք օտարերկրյա ռազմական զորախմբերի ոչ լեգիտիմ ներկայության հարցը: Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ այն զորախմբերը, որոնք չունեն ՄԱԿ-ի մանդատ կամ չեն հրավիրվել Սիրիայի պաշտոնական իշխանությունների կողմից, պետք է հնարավորինս շուտ լքեն Սիրիայի տարածքը:
Այժմ, եթե հավատանք թուրք անանուն պաշտոնյային, որին հղում են անում թուրք լրագրողները, Սիրիայից, այդ թվում՝ Իդլիբից, թուրքական զորքերի դուրսբերման հարցն այլևս օրակարգում չէ: Հարկ է նշել, որ Սիրիայում մնալու համար թուրքական զորքերը չունեն ո՛չ ՄԱԿ -ի մանդատ, ո՛չ պաշտոնական Դամասկոսի հրավեր, և, հետևաբար, դե յուրե անօրինական են:
Այս ֆոնին սիրիական և թուրքական մամուլը նշում են, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման օրը Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ամենահանգիստն էր վերջին մի քանի ամիսների ընթացքում: