«Վլադ, այսօր աշխարհում եղած միակ իսկապես գլխավոր առաջնորդը դու ես». Բեռլուսկոնին պատմել է՝ ինչ է ասել իրեն զանգահարած Պուտինին
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ ներկայում միջազգային քաղաքականության մեջ նշանավոր անձնավորությունների պակաս կա, և այդ առումով նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «մնացած միակ իսկապես գլխավոր առաջնորդն աշխարհում»:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի թուրինյան La Stampa թերթին տված հարցազրույցում Բեռլուսկոնին խոսել է այն մասին, թե ինչպես է ՌԴ նախագահը շնորհավորել իրեն 85-ամյակի առթիվ:
«Ոչ վաղ անցյալում իմ ընկեր Պուտինը զանգահարեց ինձ շնորհավորելու, և ես նրան ասացի հետևյալը. «Վլադ, ես սա քեզ ասում եմ, ոչ թե հաճոյանալու համար, դու ինձ ճանաչում ես, ես միշտ անկեղծ եմ, բայց այսօր աշխարհում եղած միակ իսկապես գլխավոր առաջնորդը դու ես»: Նա ծիծաղեց, բայց ես կատակ չէի անում, դա ճիշտ է», - ասել է Բեռլուսկոնին:
Չորեքշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Պուտինը հեռախոսով շնորհավորել է Բեռլուսկոնիին 85-ամյակի կապակցությամբ, նշել նրա մեծ ներդրումը ռուս-իտալական հարաբերությունների զարգացման գործում և մաղթել քաջառողջություն և բարգավաճում: