Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Bayraktar ԱԹՍ-ի սպասարկման կենտրոնի կառուցման մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ Bayraktar Savunma ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիեւի մարզի ուսումնափորձնական կենտրոնի կառուցման մասին ՝ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի սպասարկման և դրանց շահագործման անձնակազմի ուսուցման համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Սա մեծ իրական քայլ առաջ է։ Շնորհակալ եմ նախագահ Էրդողանին։ Դա Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության իրական աջակցությունն է»,- Զելենսկու խոսքը մեջբերում է նրա գրասենյակի մամուլի ծառայությունը։
Փաստաթղթի համաձայն ՝ Bayraktar Savunma-ն Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող Վասիլկովի մերձակայքում կկառուցի ընկերության անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ նորոգման, արդիականացման կենտրոն, որտեղ կիրականացվի նաև անօդաչու թռչող սարքերի հետ աշխատելու անձնակազմի ուսուցում և նախապատրաստում: Ենթադրվում է, որ հետագայում Ուկրաինայում կկառուցվեն մի շարք նման կենտրոններ։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հաջորդ փուլը կլինի թուրք-ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության հաստատումը: Bayraktar Savunma-ն, նախագահի գրասենյակի տեղեկատվության համաձայն, ծրագրում է միջոցներ ներդնել Ուկրաինայում անօդաչու սարքերի արտադրության գործարանի կառուցման համար, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետները: