Թուրքիան Ուկրաինայում կկառուցի Bayraktar անօդաչուների սպասարկման կենտրոն. Զելենսկին հայտարարել է, որ «երախտապարտ է Էրդողանին»
Ուկրաինան և Թուրքիան համագործակցության հուշագիր են ստորագրել «Բայրաքթար» անօդաչու սարքերի կառուցման և համատեղ ուսուցման և փորձարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, գրում է news.liga.net-ը:
Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և «Բայրաքտար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը: Ստորագրմանը ներկա էր նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հուշագրի շրջանակում «Բայրաքթար»-ը պետք է Կիևի մերձակայքում կառուցի անօդաչու սարքերի սպասարկման կենտրոն: Հետագայում նախատեսվում է նման կենտրոններ կառուցել այլ վայրերում:
«Մենք շատ երկար ենք սպասել այս պահին: Սա մեզ համար կարևոր իրադարձություն է ... Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը», - ասել է Զելենսկին հուշագրի ստորագրումից հետո: