«Փարիզը պետք է վերանայի հարաբերությունները Լոնդոնի հետ, քանի որ վերջինս խախտել է իր պարտավորությունները». Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեղադրել է Մեծ Բրիտանիային
Փարիզը պետք է վերանայի հարաբերությունները Լոնդոնի հետ, քանի որ վերջինս խախտել է իր պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Բրիտանիայի հետ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները: Լոնդոնը պետք է իմանա, որ խախտել է իր պարտավորությունները, այդ թվում և առևտրի համաձայնագրով ու համագործակցության մեջ»,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստին:
Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»: