Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հայտարարել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
Նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը՝ Թուրքիայում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանի թեկնածուն, Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային ոճրագործությունները պաշտոնապես ճանաչել է որպես Ցեղասպանություն՝ հակադարձելով այդ հարցի վերաբերյալ իր նախկին դիրքորոշմանը, գրում է thenationalnews.com-ը:
Ֆլեյքը հաստատակամորեն «այո» է պատասխանել, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հարցրել է՝ արդյոք նա փոխել է իր դիրքորոշումը և պատրաստ է «միանալ այս մարմնին և վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու համար»:
Աղբյուրը հիշեցնում է, որ թե՛ Ներկայացուցիչների պալատում և թե՛ Սենատում եղած ժամանակ՝ 2005, 2007, 2010 և 2014 թվականներին, Ֆլեյքը դեմ է քվեարկել Ցեղասպանության մասին Կոնգրեսի օրինագծերին:
Բացի այդ, Ֆլեյքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Թուրքիայի դերը բնութագրելով որպես ապակայունացնող:
«Եթե թեկնածությունս հաստատվի, կխրախուսեմ Թուրքիային աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն երկարաժամկետ լուծում գտնելու ջանքերին և կխրախուսեմ Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունների խաղաղ և դիվանագիտական լուծումների հարցում»,-ասել է նա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: