Մասկն աշխարհում ամենահարուստ մարդը ճանաչվելուց հետո օրիգինալ նվեր է ուղարկել միլիարդատեր Բեզոսին
Երկուշաբթի Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դարել է աշխարհում երրորդ մարդը, որը երբևէ կուտակել է 200 միլիարդ դոլար կարողություն: Արդյունքում նա առաջ է անցնել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որը նախքան այս համարվում էր աշխարհում ամենահարուստը:
Ինչպես պարզվում է, Մասկը տոնել է առաջատար դիրքում հայտնվելը: Forbes հանդեսին տված մեկնաբանության մեջ միլիարդատերն ասել է, որ Բեզոսին նվեր է ուղարկել այս կապակցությամբ:
«Ես Ջեֆրի Բ.-ին ուղարկել եմ 2 թվի ահռելի քանդակ և արծաթե մեդալ»,-ասել է Մասկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իլոն Մասկը գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս մասին ասվում է Forbes ամսագրի հրապարակած տվյալներում, որոնք թարմացվում են իրական ժամանակի ռեժիմում:
Ըստ հրապարակման՝ Մասկի կարողությունը կազմում է ավելի քան 203,4 միլիարդ դոլար: Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ առևտրի ցանցի՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը`ավելի քան 197 միլիարդ դոլարով: Երրորդ տեղում է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն, որը վաստակել է 174,9 մլրդ դոլար: Առաջին հնգյակում են նաև Microsoft-ի հիմնադիրներից մեկ ՝ Բիլ Գեյթսը, 131 միլիարդ դոլարով և Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը, ըստ Forbes-ի, գերազանցել է 126 միլիարդ դոլարը:
Bloomberg գործակալությունը, իր հերթին, գնահատում է Մասկի ակտիվների ընդհանուր արժեքը ավելի քան 213 միլիարդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմում է գործակալությունը, Մասկը նույնպես զբաղեցնում է առաջին հորիզոնականը և առաջ է Բեզոսից: