Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել է օվկիանոս (տեսանյութ)
Իսպանական Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել է մինչեւ Ատլանտյան օվկիանոս: Այդ մասին El Pais թերթին հայտնել են ականատեսները և դա հաստատել է Տասակորտե քաղաքի քաղաքագլուխ Խուան Միգել Ռոդրիգեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հրատարակության տվյալներով՝ ծովի ջրի հետ լավայի շփվելու հետևանքով գոյանում են սև և սպիտակ գույների թունավոր ամպեր:
Գոլորշիացումը կարող է մահացու վտանգավոր լինել. 1971 թվականին կղզում տեղի ունեցած նախորդ ժայթքման զոհ էր դարձել մեկ մարդ, որը թունավորվել էր թունավոր գազերից: El Pais-ը նշում է, որ հրաբխի ակտիվությունը և լավայի շարժումը տեղի է ունենում անկանխատեսելի ձևով՝ մերթ արագանալով, մերթ դանդաղելով: Դեռ սեպտեմբերի 28-ի ցերեկը գիտնականները վստահ չեն եղել, որ լավան ընդհանրապես ծով կհասնի:
Ժայթքման հետևանքով, որը սկսվել է սեպտեմբերի 19-ին, ոչնչնացվել է ավելի քան 600 շենք, ավելի քան 6 հազար մարդ տարհանվել է: Զոհերի և ծանր վնասվածքների մասին տեղեկատվություն ներկա պահին չի ստացվել: Նախքան կղզու վրա հրաբխի ժայթքումը, որտեղ ապրում է շուրջ 85 հազար մարդ, մոտավորապես մեկ շաբաթ դիտվել է սեյսմիկ ակտիվության բարձրացում: Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտում կարծում են, որ ընթացիկ ժայթքումը կարող է տևել երեք ամիս: Նախորդ անգամ՝ 1971 թվականին, կղզում ժայթքել է Տենեգիա հրաբուխը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: