Հայկական երգարվեստի ինքնատիպ երանգը. Հայկոյի երաժշտությունը
LifeStyleԻնքնատիպ ու եզակի մի գույն, որն իր յուրաքանչյուր աշխատանքով հարստացնում էր հայկական երգարվեստի գունապնակը… Եվս մեկ երանգ այսօր մարեց հայկական մշակութում՝ թողնելով հարուստ ու հավերժ ժառանգություն…
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով, ցավոք, կյանքից հեռացավ երգիչ, երգահան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան): Երգիչն ընդամենը 44 տարեկան էր:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Հայկոն ոչ միայն հասցրել է հարուստ ժառանգություն պարգեւել հայկական երգարվեստին, այլեւ՝ պատվով բարձրացնել Հայաստանի դրոշը միջազգային հեղինակավոր մրցույթներում: 1998, 1999, 2002, 2003 եւ 2006 թ-երին հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ»:
Հայկոն հուզել է իր ռոմանսներով, գոտեպնդել Երեւանին ու հայ ազգին նվիրված երգերով, հիացրել զգացմունքային սաունդրեքերով: Նրան են վստահվել հայկական կինոարտադրության ամենասիրված ֆիլմերից շատերի երաժշտական ձեւավորումները: Նա հեղինակել է «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Գարեգին Նժդեհ», «Վանա ծովուն արշալույսը», «Անատոլիական պատմություն» ֆիլմերի սաունդրեքերը: