«Լուսավոր հիշատակ լուսավոր մարդուն». Ժաննա Լևինան՝ Հայկոյի մասին
Մահացել է հայ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, որը հայտնի է Հայկո կեղծանվամբ։ Արտիստի կորուստը ծանր է ընկերների համար։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, եւս գրառում է կատարել երգչի մասին։
«Լուսավոր հիշատակ լուսավոր մարդուն»,- գրել է Լեւինան։
Նա նաեւ հրապարակել է Հայկոյի երգը, որ սիրում էր։ «Ցանկանում եմ ձեզ ծանոթացնել Հայկոյի հետ։ Նա Հայաստանի ամենահայտնի երգիչներից մեկն է։ Տաղանդավոր կոմպոզիտոր, երգիչ, համակրելի, բարի, խարիզմատիկ, լավ մարդ։ Հենց նա է առաջինն ինձ ծանոթացրել հայկական էստրադայի հետ, եւ դա հիանալի լրացում է դարձել Հայաստանի եւ դրա տաղանդավոր, երաժշտական, պոետիկ մարդկանց հանդեպ իմ անսահման սիրուն։ Այսօր Հայկոն հեռացել է կյանից։ Դա մեծ վիշտ է բոլորի համար, ովքեր ճանաչում էին նրան ու սիրում։ Մեծ կորուստ ամբողջ Հայաստանի համար։ Հարազատներին ու մտերիմներին ուժ եմ մաղթում։ Հայկոն մշտապես մեր սրտերում կլինի»,- գրել է Ժաննա Լեւինան։
Տեսանյութը՝ այստեղ:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստը հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ։ Սիրված ու տաղանդավոր արտիստն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված։
Հայկ Հակոբյանը 1996թ.-ին «Մոսկվա 96» երաժշտական փառատոնի ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը։ 1997թ.-ին դարձել է «Մեծ խնձոր» (Big Apple) նյույոքյան փառատոնի հաղթողը։ 1998թ.-ին Հայաստանում դարձել է «Այո» մրցույթի լավագույն հեղինակ-կատարող։ 2016թ․-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
Երգիչը 2007թ.-ին «Anytime you need» երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով ութերորդ տեղը։