Արցախի ներկայացուցիչ. Ադրբեջանի օկուպացման մեջ գտնվող պատմամշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է
Արցախում պատերազմի հետեւանքով տուժել է 1226 տնտեսվարող սուբյեկտ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 29-ի աշխատանքային հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էր մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, ասաց Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Ավելին, ինչպես նշեց Ղազարյանը, մշակահողերի 75 տոկոսն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Սպառնալիքի տակ է հայտնվել նաեւ պատմամշակութային ժառանգությունը, որը գտնվում է այն տարածքներում, որոնք պատերազմի հետեւանքով անցել են Ադրբեջանին։ Խոսքը մոտ 2000 հուշարձանի մասին է։ Դրանցից 13-ը վանական համալիր է, 122-ը՝ եկեղեցի, 52-ը՝ ամրոց, 523-ը՝ խաչքար։ Ադրբեջանական վերահսկողության տակ են անցել 127 դպրոցական գրադարան եւ 12 թանգարան՝ ավելի քան 20 հազար ցուցադրանմուշներով»,- ընդգծեց Ղազարյանը։