Արցախի ներկայացուցիչ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները Արցախի 80 խաղաղ բնակչի են սպանել
44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները Արցախի 80 խաղաղ բնակչի են սպանել։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Նրա խոսքով՝ 45 զինծառայող համարվում է անհետ կորած։
«Սպանվել է 80 քաղաքացիական անձ, այդ թվում 42-ը՝ թիրախավորված հարվածների հետեւանքով։ Եվս 38 մարդ մահացել է գերության մեջ։ Բացի այդ, 42 000 մարդ հարկադիր լքել է իր բնակավայրը։ 38 154 մարդ զրկվել է իր բնակատեղիից։ Այս պահին 15 000 հարկադիր տեղահանված կա Ստեփանակերտում, եւս 5000՝ Արցախի տարբեր շրջաններում»,-նշեց նա։
Ղազարյանը նաև հայտնեց, որ արդեն 3000 պայմանագիր է կնքվել վարձակալության մասին։ Այնուամենայնիվ, 1960 մարդ շարունակում է մնալ հյուրանոցներում։ Ըստ բանախոսի՝ մինչև տարեվերջ Ստեփանակերտում, մարդկանց տեղավորելու համար, նախատեսվում է կառուցել 300 բնակարան։ Նա ընդգծեց, որ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 192 բնակավայր՝ 185 գյուղ եւ 7 քաղաք։ «Հանրապետությունում խիստ տուժել է ենթակառուցվածքը։ Մասնավորապես, գործող 36 հէկերից մնացել է ընդամենը 6-ը։ Լուրջ վնաս է հասցվել նաեւ հեռահաղորդակցությունների ոլորտին։ Նախնական վնասը կազմում է մոտ 42 մլն դոլար։ Բացի այդ, խիստ տուժել է նաեւ ջրամատակարարման համակարգը»,- տեղեկացրեց Ղազարյանը։