Ղարաբաղում ապրող հայերին ինքնավարություն տրամադրելու հարցը բացառվում է․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը: Այս մասին Ալիևը հայտարարել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է ինքնավաության մասին զրույցներին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք ժամանակին առաջարկել ենք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան հատկացնել, սակայն նրանք մերժել են այդ տարբերակը: Նրանք միան «անկախության» մասին են խոսել:
Իսկ հիմա, երբ հակամարտությունն անցյալում է մնացել, նրանք բարձրացնում են ինքնավարության մասին հարցը: Սակայն մեր օրակարգում ընդգրկված չէ ինքնավարություն տալու հարցը»,- Ալիևի խոսքը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը, որ «ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է»: «Որևէ հայտարարություն այն մասին, որ հակամարտությունը չի կարգավորվել, ոչ միայն տեղին չէ, այլ նաև շատ վտանգավոր է: Եթե հակամարտությունը կարգավորված չէ, թող ասեն՝ ինչպես է պետք կարգավորել»,- հավելել է ադրբեջանցի ղեկավարը: