Իրանը հրաժարվել Է ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկներ տեղադրել Քերեջում
Իրանի իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսախցիկներ չեն տեղադրի Քերեջ քաղաքի օբյեկտում՝ ամռանը տեղի ունեցած դիվերսիայի փորձի պատճառով: Այս մասին Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարել է Իրանի փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին՝ փոխանցել է ТАСС-ը:
Նա նշել է, որ Իրանը մերժում է ԱՄՆ-ի բոլոր պահանջները:
«Նրանց [ԱՄՆ-ի] համառ պահանջները՝ տեսախցիկներ տեղադրել ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած վայրերում, աջակցություն է Իրանի դեմ այդ նույն դիվերսիային: Մենք այդ պահանջներին երբեք չենք համաձայնի»,- ասել է Իրանի փոխնախագահը:
Էսլամին հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ ՄԱԳԱՏԷ-ն վարում է ընտրողական և ոչ ռացիոնալ քաղաքականություն: