Sputnik V պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին կարող է արգելվել մուտք գործել ԱՄՆ. Washington Post
Միացյալ Նահանգները կարող է արգելել իր տարածք մուտքը Sputnik V և ռուսական այլ պատվաստանյութերով պատվաստված մարդկանց: Այդ մասին գրում է Washington Post թերթը:
Ամերիկյան իշխանությունները մտադիր են համաձայնեցնել մոտ ժամանակներս երկիր մուտք գործել ցանկացող օտարերկրյա քաղաքացիներին առաջադրվող նոր պահանջները: Այսպիսով, սահմանը հատելն արգելված կլինի նրանց համար, ովքեր չեն պատվաստվել ԱՀԿ կողմից հաստատված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից մեկով: Ինչպես գիտեք, ԱՀԿ -ի ցանկում չկա ռուսաստանյան պատվաստանյութերից որևէ մեկը, ներառյալ Sputnik V-ն, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Մարիանգելա Սիմաոն, ռուսական «Sputnik V»-ն կարող էր հաստատվել արդեն սեպտեմբերի կեսերին, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել: Վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրեց Արեւմուտքին` ռուսական պատվաստանյութերի գրանցման ձգձգման հարցում:
Հիշեցնենք, որ «Փաստարկ» լրատվականն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի պոլիկլինիկաներում հավաքում են Sputnik V ստացած քաղաքացիների բժշկական քարտերը` չմեկնաբանելով պատճառը։