Պատերազմի «խաղաղ» կողմը. Միքայել Նազարենկոյի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմության ցուցադրությունը` 44-օրյա պատերազմի հերոսների մասին (Լուսանկարներ)
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Նկարիչների Միությունում տեղի ունեցավ «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրության մեկնարկը: Այն նվիրված է Արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին ու անմահացած հերոսներին:
Ֆոտոպատմության հեղինակը 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն է, որը հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով` ստեղծել է «1080 ԺԱՄ»-ը։ Ցուցահանդեսին ներկայացված է 55 աշխատանք. հեղինակի խոսքով` ներառված են իր կողմից ֆիքսած լավագույն կադրերը.
«Ես այս լուսանկարները մեկնաբանում եմ, որպես պատերազմի խաղաղ կողմը. կարծում եմ` անգամ ամենադաժան բանի մեջ չնչին խաղաղություն կա, ես էլ փորձում էի ներկայացնել այդ «հանգիստ» ժամանակը: Այս ցուցահանդեսն ինձ համար կարեւոր նշանակություն ունի, քանի որ այս լուսանկարներով մենք կարող ենք տեսնել զինվորի, զինծառայողի առօրյան, այդ լարված վիճակը. նաեւ նրանց, ովքեր, գուցե, նախկինում սովոր չեն եղել այդպիսի իրավիճակի, բայց ստիպված սովորում են ու այնտեղ սկսում ապրել այլ առօրյայով` ապրել ու ապրեցնել, ապրել ու փորձել կատարել իրենց առաքելությունը»,-անդրադառնալով իր աշխատանքներին` նշեց լուսանկարիչը:
45 օր լինելով պատերզմի կիզակետում, տեսնելով կյանքի ամենադաժան կողմը` Միքայելը չի ժխտում` այսօր էլ հեշտ չէ նայել իր կադրերին, բայց դրանց արժեքն էլ չկարեւորել չէր կարող. «Բնականաբար, սա մի մեծ վերք է, մի մեծ ցավ` բոլորիս համար... Սակայն այս ամենին զուգահեռ կյանքը շարունակվում է, ու մենք պետք է մեր ցավի հետ մեկտեղ փորձենք կատարելագործվել: Ինձ համար շատ ծանր է, բոլորիս համար է այս թեման ծանր, բայց ասում են` լացը լաց է բերում. պիտի շարժվենք առաջ»:
Եռօրյա ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ցուցադրվեց նաեւ «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաեւ ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 29-ը: Մուտքն ազատ է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: