Ուշքումիտքս կինոյի դերասանուհի դառնալն էր. Գալյա Նովենց
-Տիկին Նովենց, Ձեր բեմական կերպարները որքան վառ են, գունեղ, կոլորիտով, նույնքան անաղմուկ, զուսպ ու անբացահայտ է Ձեր իրական կերպարը։ Եվ մենք շատ քիչ բան գիտենք Ձեր կենսագրությունից։
-Ես ծնվել եմ Երեւանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, եւ ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական, ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը, որը դերասանուհի էր։ Եվ ահա ես ժառանգեցի նրանց բնատուր հակումները։ Մանուկ հասակից սիրում էի շնորհներս ցույց տալ հանդիսատեսի առջեւ. դպրոցական բեմում, բակային ճամբարներում թե տանը երգում էի, պարում, նմանակում, մանրապատումներ էի բեմադրում։ Այդուհանդերձ, մանկության ամենաջերմ ու տպավորիչ հիշողությունը կապված է մեր անհատնում խաղերի հետ։ Տուն էինք վերադառնում կեսգիշերին։ Ու չնայած հետպատերազմյան կարիքին ու թշվառությանը, իրոք, մանկաբար երջանիկ էինք։ Շատ դժվար է մանուկին զրկել երջանկությունից, որովհետեւ նա կարողանում է ձերբազատվել հոգսից եւ ապրել պահի ուրախությամբ։
-Եթե չեմ սխալվում, Դուք Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ ընդունվելու անհաջող փորձ եք արել հանրակրթական դպրոցից հետո։
-Այո՛, ուշքումիտքս կինոյի դերասանուհի դառնալն էր։ Ու գնացի Մոսկվա, որ համապատասխան կրթություն ստանամ։ Ես առաջին անգամ իմ ունակությունը ցուցադրեցի պրոֆեսիոնալների առջեւ։ Մինչ այդ ոչ ոքի հետ չէի խորհրդակցել, ոչ մի մասնագետ չէր լսել իմ բեմական խոսքը, չէր ուղղորդել։ Այդ տարին, հակառակի պես, կինեմատոգրաֆիայի ինստիտուտում մրցակցությունը շատ մեծ էր, ու ես չկարողացա հաղթահարել։ Վերադարձա Հայաստան եւ ընդունվեցի թատերական ինստիտուտ։
-Արվեստի բնագավառում ստեղծագործող մարդը պետք է առաջին հերթին բնատուր տաղանդ ունենա։ Իսկ ի՞նչ է տալիս կրթությունը։
-Պետք է շատ լուրջ վերաբերվել դերասանական արվեստին եւ հասկանալ, որ բեմ բարձրացող յուրաքանչյուր ոք դերասան չէ։ Իհարկե, բնատուր օժտվածությունը կարեւոր է հաջողության հասնելու համար, սակայն չպետք է անտեսել կրթության դերը, որը արտիստի համար բացահայտում է բազմաթիվ կատարողական մանրամասներ։ Այսինքն' ի վերուստ տրված շնորհը պետք է զուգակցել գիտելիքի եւ տքնաջան աշխատանքի հետ։ Դերասանը պետք է լինի բազմակողմանի զարգացած, իրազեկ։ Կարող է թվալ, որ այս կամ այն կերպարը մարմնավորելու համար ընդհանուր զարգացածությունն էական նշանակություն չունի, սակայն ես խորապես համոզված եմ, որ ինչքան էլ դերասանական տվյալներով օժտված լինի, թերզարգացած արտիստը չի կարող կերտել խորքային կերպարներ։ Իսկ գեղարվեստի բուհում դասավանդում են այնպիսի առարկաներ, որոնք ընդհանուր զարգացածություն են ապահովում ապագա արտիստի համար։ Ուստի պետք է լավ կրթություն ստանալ, սովորել, անվերջ ինքնակատարելագործվել, այսպես ասած, մարզվել։ Ես սովորել եմ Արմեն Գուլակյանի խմբում եւ շատ լավ կրթություն եմ ստացել։
-Ձեր կերտած կերպարներն իրենց գեղարվեստական մեծ արժեքից բացի, խորապես ազգային են ու ընկալելի տարբեր խավի ու մտավոր մակարդակի հանդիսատեսի համար։ Ո՞րն է այդ հայկականության ակունքը։
-Իմ հայ լինելը։ Ես շատ լավ գիտեմ հայ կնոջը, նրա կերպարի խորքերը, գույները։ Դերասանը պետք է տիրապետի մի քանի շատ կարեւոր ունակությունների, լինի հոգեբան, դիտողունակ եւ ունենա կերպարի զգացողություն։ Կարծում եմ' սրանք բնատուր հատկանիշներ են։ Ես, օրինակ, ծանոթ-անծանոթ մարդկանց լոկ չեմ նայում, այլ ուսումնասիրում եմ։ Ես անվերջ նկատում եմ, յուրաքանչյուր պահի ուշադրություն եմ դարձնում ինձ շրջապատող մարդկանց խոսքին, շարժումներին, ներքին ապրումներին, փոխհարաբերվելու նրբերանգներին։ Եվ դա միտումնավոր, նպատակային չեմ անում։
-Սիրո՞ւմ եք շփվել, հեռուստաէկրանից Դուք թողնում եք ինքնամփոփ, խոհուն, մեկուսի կնոջ տպավորություն։
-Այո՛, հիմա ես ինքնամփոփ եմ, մեկուսի։ Բայց տարիներ առաջ ես այդպիսին չէի, կենսուրախ էի, ծիծաղկոտ, մարդամոտ։ Ինձ դուր էր գալիս շփվել իսկական հայկական ընտանիքների հետ, որտեղ հարաբերությունները ջերմ էին, անկեղծ, անշահախնդիր, միշտ պատրաստ միմյանց աջակցելու։ Հիմա ես խուսափում եմ հարցազրույցներից, չեմ ուզում երեւալ հեռուստաէկրաններին։ Ծերությունն ի ցույց դնելը բանի նման չէ։ Պետք չէ հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են քեզ տեսնել ուժեղ, կյանքով լեցուն, եռանդուն։
-Դուք հմայիչ, էլեգանտ կին եք, եւ ես Ձեր խոսքերն ինչ-որ տեղ պայմանավորում եմ նաեւ հայրենիքից հեռու ապրելու իրողությամբ։
-Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ։ Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ։ Հայրենիքը մնում հայրենիք, չնայած իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին։ Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը' ամեն ինչ իմն է։ Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում է օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են□ Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար։ Օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Եվ ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում։
- Միացյալ Նահանգներում Դուք աշխատում-ստեղծագործո՞ւմ եք։
-Ո՛չ, Միացյալ Նահանգներում չեմ աշխատում։ Վերջին շրջանում ամեն տարի գալիս եմ Հայաստան եւ մի քանի ներկայացում եմ խաղում։ Տարբեր հրավերներ լինում են, բայց ես հրաժարվում եմ։ Օրինակ, Մոսկվայից ֆիլմում նկարահանվելու հրավեր եղավ, բայց ես չհամաձայնեցի։ Գիտեք, ես դժվար եմ մերվում նոր ժամանակների ռիթմին, տրամաբանությանը, արժեքներին, փոխհարաբերություններին, իմ խաղընկերներից շատերը չկան' կա՛մ մահացել են, կա՛մ Հայաստանում չեն, չկան իմ ռեժիսորները, չկա մթնոլորտը, կոլորիտը, անսամբլը, որը ոգեշնչում էր, որից ծնվում էին հայկական ֆիլմերը։
-Համաձա՞յն եք այն դիտարկմանը, որ մենք այսօր չունենք ազգային ֆիլմեր։
-Իսկ ընդհանրապես կինոարտադրություն ունե՞նք։ Ազգայինը կարող է դրսեւորվել միայն բարձրարվեստ գործերում, որովհետեւ ազգայինը մտածելակերպի, հոգեբանության, դիտարկումների, աշխարհընկալման ինքնատիպությունն է եւ, բնակաբար, չի կարող ի հայտ գալ էժանագին կատակներում ու անբովանդակ ներկայացումներում, եթե անգամ դրանց հերոսները հայոց պատմության դեմքեր են կամ մեր իրականության կերպարներ։ Ազգայինը բացահայտվում է խորքերում։
-Դուք Հայաստանում գալիս խաղում եք թատերական ներկայացումներում, մինչդեռ շատերի կարծիքով' ավելի շատ կինոդերասանուհի եք։ Թատրոնի վիճակն ավելի՞ բարվոք է Հայաստանում։
-Այո՛, մենք ունենք լավ դերասաններ, ռեժիսորներ, թատրոններն ակտիվ աշխատում են եւ բեմադրում են որակյալ ներկայացումներ։ Մարդիկ հաճախում են թատրոն։ Կոնկրետ իմ հանդիսատեսը մեծ ջերմությամբ ու սիրով է ընդունում ներկայացումները, սակայն ես կարոտում եմ այն երանելի ժամանակները, երբ կանայք թատրոն էին հաճախում երեկոյան զգեստներով, տղամարդիկ' անպայման կոստյում-փողկապով, եւ այդ ամբողջ հանդիսավորության մեջ մեծ սեր ու հարգանք կար ընդհանրապես թատրոն կոչվող երեւույթի հանդեպ։ Ես ցանկանում եմ, որ վերականգնվի հայ թատերական մշակույթն իր բոլոր նրբերանգներով։
-Օրերս տոնեցինք Արցախի ազատագրության, Շուշիի հաղթանակի, Սարդարապատի հերոսամարտի հոբելյանները։ Ի՞նչ խորհուրդ ունի մայիսը Ձեզ համար։
-Երբ ժողովուրդը հող է ազատագրում, երբ հանուն անկախ ու արժանապատիվ կյանքի հաղթանակով է պսակում իր դժվարին ճակատամարտերը, անպայման արժանի է հարգանքի, մեծարանքի ու սիրո։ Ինձ համար շատ կարեւոր է, որ Արցախյան պատերազմը համազգային պայքարի հաղթանակ էր, ոչ թե մի խումբ ֆիդայիների կամ զինվորականների, որ ժողովուրդը զորքի ու ազատագրական ջոկատների թիկունքին էր եւ պատերազմին օգնում էր, ինչով կարող էր։ Եվ ուզում եմ, որ մեր համազգային հաղթանակի բաժնեկիցը լինի յուրաքանչյուր հայ, իրեն ուժեղ եւ հաղթող զգա ու իր հաղթանակը դարձնի ամուր ու անշրջելի' աշխատելով, արարելով, ստեղծելով, կառուցելով։
Ես շատ եմ հուզվում հայ զինվորական, առավել եւս' զինվոր տեսնելիս։ Մենք պիտի սիրենք մեր բանակը, փայփայենք. չէ՞ որ զինվորականներն ու զինվորները թշնամու գնդակի դիմաց կանգնած մեզ ու մեր հայրենիքն են պաշտպանում։ Հպարտության հետ մի ուժեղ տագնապ սեղմում է սիրտս. թող անփորձանք լինեն։ Բանակին պիտի տանք ինչ կարող ենք։ Բանակի համար չպետք է ոչինչ խնայենք, քանի որ մարդու համար աշխարհում խաղաղությունից ու անվտանգությունից թանկ բան չկա։