Ջավախքում խաչքար է բացվել՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Խաչքարի օրհնության կարգից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հայտնում է jnews.ge-ն։
Արարողությունը ներկա են գտնվել Հայ եկեղեցու հոգևոր այրերը, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։
Խաչքարի օրհնության կարգը կատարել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հոգևոր դասի մասնակցությամբ։
Խաչքարի բացմանը ներկա էին Ջավախքցի զոհված նահատակների ծնողները, հարազատները, բարեկամները և ընկերները։ Ներկա էր նաև ջավախքցի, Արցախյան պատերազմի մասնակից, զինծառայող Աշոտ Խանոյանը։
Խաչքարի օրհնման կարգից հետո եկեղեցու բակում մատաղ է մատուցվել։