Ինչպես ընտրել իսկական յոգուրտ
Բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինզբուրգը թվարկել է այն չափանիշները, որոնցով պետք է կողմնորոշվել յոգուրտ գնելիս։ Sputnik ռադիոկայանի փոխանցմամբ՝ առաջին ցուցանիշը, որին պետք է ուշադրություն դարձնել այս կաթնամթերքը գնելիս, շաքարի պարունակությունն է։
«Շաքար պարունակող յոգուրտները յոգուրտ չեն, այլ, ըստ էության, ըմպելիքներ, որոնք նույնքան վնասակար են, որքան շաքար պարունակող այլ ընպելիքները։ Կաթը պարունակում է 5% շաքար՝ լակտոզա, որը նույնքան վնասակար է, որքան մյուս շաքարները՝ ֆրուկտոզան, սախարոզան և այլն: Յոգուրտը պետք է կաթից ավելի քիչ լակտոզա պարունակի, քանի որ խմորման ընթացքում լակտոզայի մի մասը վերածվում է կաթնաթթվի», – ասել է սննդաբանը։
Բժիշկը նշում է, որ շատերը կաթնամթերք գնելիս չափազանց մեծ ուշադրություն են դարձնում ճարպի պարունակությանը՝ անտեսելով այն փաստը, որ մարդուն անհրաժեշտ են ճարպեր, ինչպես նաև այլ տարրեր:
«Ինչ վերաբերում է ճարպի պարունակությանը, ապա այն այժմ չի համարվում կարևոր չափանիշ: Համարվում է, որ յոգուրտի մեջ ամեն ինչ օգտակար է, եթե դա շաքար չէ՝ բիֆիդոբակտերիաները, կալցիումը, հեշտ մարսվող սպիտակուցները», – ասել է բժիշկը։
Գինզբուրգը նշում է, որ յոգուրտում ճարպի հետ է կապված, օրինակ՝ A և D վիտամինների պարունակությունը: