Չինաստանում AUKUS դաշինքի պատճառով ԱՄՆ-ին առաջին միջուկային հարվածով են սպառնացել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով նախկին տեղակալ Շա Ցզուկանը Չինաստանի իշխանություններին կոչ է արել ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել Միացյալ Նահանգների գործողությունների ֆոնին, գրում է Daily Mail-ը:
Դիվանագետի խոսքով ՝ Պեկինը պետք է հրաժարվի առաջին հերթին միջուկային զենք չկիրառելու քաղաքականությունից և հակահարված տա նոր դաշինքներին, որոնք ստեղծում է Վաշինգտոնը:
Չինացի դիվանագետ Շա Ցզուկանը Պեկինին կոչ է արել պատրաստ լինել առաջին միջուկային հարվածը հասցնել ԱՄՆ-ին։
Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի միջև AUKUS դաշինքի մասին է. այն ցուցադրում է այդ երկրների աճող ռազմական ներկայությունը Չինաստանի հարևանությամբ, կարծում է Ցզուկանը:
10 օր առաջ Ավստրալիան Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է պաշտպանության և անվտանգության ոլորտում AUKUS-ի նոր գործընկերության մասին և հայտարարել ֆրանսիական Naval Group ընկերության հետ Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի կառուցման «դարի պայմանագրից» դուրս գալու մասին:
Փարիզը դա ընկալել է որպես դավաճանություն։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը համաձայնագիրը խզելու Կանբերայի որոշումը որակել է «հարված թիկունքից»: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի պայմանագիրը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև հրահրում է սպառազինությունների մրցավազք: