ԱՄՆ Պետդեպը կքննի «Գորշ գայլերի»՝ ահաբեկչական կազմակերպություն լինելու հարցը
Միացյալ Նահանգների Նևադա նահանգից ընտրված դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսն ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) հոդված է ներկայացրել, որի համաձայն ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը պետք է հետաքննի հետևյալ հարցը․
«Արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (թուրքական «Գորշ գայլերի կազմակերպությունը, թուրքերեն՝ Ülkü Ocakları) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ»։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հոդվածն արդեն ընդունվել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում և պահանջում է, որ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։
Այդ հոդվածն ուժի մեջ կմտնի այն դեպքում, երբ բյուջեի նախագիծը նույնությամբ ընդունվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։