Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում. «Ժողովուրդ»
«1 տարի անց ՀՔԾ-ում որևէ բան չեն բացահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: Ինչպես հայտնի է, 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով:
Այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը: Մինչ օրս գործով, բացի մեկ անձի ցուցմունքից, որևէ բան չի բացահայտվել, մեկ տարի անց գործը դոփում է տեղում, չկա մեղադրյալ, անվերապահ կասկածյալ: Ըստ էության, ՀՔԾ-ն շարունակում է միայն քրեական գործերով հնչեղություն ապահովելու իր գործելաոճը, իսկ քրեական գործերի քննությունը դոփում է տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական՝ հետաքրքրվելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կալանավայրում ծեծելու գործով ինչ նորություն կա, ով էր ի վերջո հրահանգել, և ով էր դիմակավորված ծեծի ենթարկել Փաշինյանին բանտախցում: Ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։