Կումանը երկու խաղով որակազրկվել է Կադիսի հետ խաղում հեռացվելուց հետո
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է Marca-ն: Մասնագետին պատժել են Պրիմերայի 6-րդ տուրի՝ «Կադիսի» հետ խաղում հեռացման պատճառով: Հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով: Կումանը նաև ստիպված կլինի տուգանք վճարել:
Կումանը խաղավարտին էր հեռացվել այն բանից հետո, երբ մրցավարը «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին դեղին քարտ ցույց տվեց: Ֆուտբոլիստը հարվածել էր խաղադաշտում հայտնված երկրորդ գնդակին ու խանգարել «Կադիսին» գրոհ ձեռնարկել: Նիդերլանդցի մասնագետն իր դժգոհությունն էր հայտնել մրցավարին ու ինչ-որ բան ասել նրան:
Նշենք՝ «Բարսելոնան» խաղն ավարտել էր 10 հոգով: Երկրորդ կեսում երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել էր կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:
«Բարսելոնան» 9 միավոր է վաստակել ու բարձրացել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Կադիսը» 6 միավորով 14-րդ տեղում է: