Թութակը կտցահարել է Անգելա Մերկելին
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը անսպասելի «հարձակման» է ենթարկվել Լորի տեսակի ագրեսիվ թութակի կողմից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով մյունխենյան պարբերականին, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, երբ կառավարության ղեկավարն այցելել է Մարլոու քաղաքի թռչունների այգի:
Մերկելը սեպտեմբերի 26-ին կայանալիք Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ այց է կատարել իր նախկին ընտրատարածք: Շրջագայության ընթացքում կանցլերն այցելել է նաև թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել կենտրոնի բնակիչներին:
Մերկելին կերով լի թղթե բաժակ են տվել թռչուններին կերակրելու համար: Լորիները սկսել են ուտել իրենց կերը Մերկելի ձեռքից: Թռչուններից մեկը նստել է կանցլերի գլխին, մյուսն էլ կտցահարել է նրա մատը: Աղբյուրի տվյալներով՝ թութակը բավականին ցավոտ է կծել:
Դրանից հետո Մերկելը ցանկություն է հայտնել տեսնել 60 սմ հասակ ունեցող եվրոպական բուին, սակայն արդեն ավելի զգույշ է եղել և հրաժարվել է թռչնին ձեռքին դնել: