ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 778 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեին. օրինագծում ԼՂ վերաբերյալ փոփոխություն է կատարվել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա (երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 778 մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախաձեռնությանն աջակցել է 316 օրենսդիր, 113-ը դեմ է արտահայտվել: Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գարնանը 753 միլիարդ դոլար է պահանջել Կոնգրեսից պաշտպանական կարիքների համար: Խորհրդակցությունների ընթացքում այդ գումարն ավելացվել է:
Ընթացիկ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն կազմում է մոտ 740 միլիարդ դոլար: Ներկայացուցիչների պալատի կողմից պաշտպանական բյուջեի հաստատումը ինքնաբերաբար չի նշանակում դրանում ներդրված բոլոր նախաձեռնությունների ուժի մեջ մտնելը: Պաշտպանության բյուջեի նախագծի իր տարբերակը, որը տարբերվում է ստորին պալատում ընդունվածից, դեռ պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Դրանից հետո կհրավիրվի հանձնաժողով, որը կհամաձայնեցնի երկու նախագծերի մանրամասները: Երկու պալատները կրկին պետք է քվեարկեն համաձայնեցված փաստաթղթի օգտին, որից հետո այն կուղարկվի պետության ղեկավարի ստորագրության: Այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս:
Կոնգրեսի ստորին պալատի կայքը նաև նշում է, որ փոփոխություն է կատարվել օրինագծում, որի համաձայն՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովներին: Բացի այդ, ենթադրվում է, որ օրենսդիրները կոչ կանեն Ադրբեջանի իշխանություններին «ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված խաղաղ բնակիչներին»: Ինչպես նշվում է նշված փոփոխության մեջ, Կոնգրեսը կոչ է անելու ԱՄՆ վարչակազմին համագործակցել Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ: