ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները շարային քայլերթով նշեցին Անկախության տոնը
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առիթով Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից մայրաքաղաքում անցկացվեց տոնական հանդիսավոր քայլերթ:
ԱԱԾ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ Արման Գասպարյանը, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի վարչության ղեկավար կազմը՝ գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու գլխավորությամբ։
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի ողջույնի խոսքով։
Գնդապետ Արման Մարալչյանը սահմանապահներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, մաղթեց խաղաղ և արդյունավետ ծառայություն՝ ի շահ մեր հայրենիքի սահմանների անվտանգության և պահպանության։
Այնուհետև, շարակազմի հրամանատար, գնդապետ Վահե Ղուկասյանի գլխավորությամբ սահմանապահները զինվորական նվագախմբի ուղեկցությամբ, մարտական դրոշի ներքո, քաղաքամայր Երևանի Ազատության պողոտայից շարային քայլերթով շարժվեցին դեպի Հաղթանակի զբոսայգի։
Անկախության տոնի շրջանակներում իրականացված խորհրդանշական քայլերթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները նաև հարգանքի տուրք մատուցեցին բոլոր ժամանակներում Հայաստանի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկների, ինչպես նաև 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում հավերժի ճամփան բռնած իրենց զինակից մարտական ընկերների և պատերազմում հերոսացած բոլոր քաջ հայորդիների հիշատակին: