Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպմանը հասնել սիրիական հարցում կարևոր որոշման
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Իդլիբում իրավիճակը կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ «կարևոր որոշման կհասնեն»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը նա հայտնել է թուրք լրագրողներին՝ ԱՄՆ -ից վերադառնալիս:
«Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպումը, եթե այն տեղի ունենա սեպտեմբերի 29-ին, իսկապես կարևոր է: Մենք պատվիրակությունների կազմով որևէ բանակցություններ չունենք, ես և պարոն Պուտինը կանցկացնենք դեմառդեմ հանդիպում, որի ընթացքում , իհարկե, կքննարկենք ոչ միայն Իդլիբը:
Մենք կքննարկենք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, կքննարկենք, թե ինչին ենք հասել Սիրիայում և ինչին են հասնելու ապագայում: Թուրքիան և Ռուսաստանը երկրներ են, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում, և երբ ես խոսում եմ այս մասին, ես ևս մեկ բան պետք է ասեմ: Մինչ այժմ մենք ոչ մի վատ բան չենք տեսել Ռուսաստանի հետ հարաբերություններում», – մեջբերում է Sabah թերթը:
Ինչպես նշել է Էրդողանը, ակնկալում է, որ Պուտինի հետ հանդիպումից հետո «կարևոր որոշում կկայացվի» երկկողմ հարաբերությունների առումով, որն այնուհետև «կմտնի ավելի ակտիվ փուլ»: