Քր.գործ՝ Վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար
Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ «Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված», - փոխանցել են Ոստիկանությունից։
Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացնում է անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը: Քրեական օրենսգրքում ավելացվեց նոր՝ 137․1 հոդվածը, որը վերնագրված է «Ծանր վիրավորանք» և նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով: