ԱՄՆ-ի Այդահո նահանգի բուժքույր Նատալի Ռայզը, որը դեմ էր պատվաստումներին, մահացել է COVID-19-ից
ԱՄՆ-ի Այդահո նահանգի բուժքույր Նատալի Ռայզը, որը դեմ էր պատվաստումներին, մահացել է COVID-19-ից, հայտնել է People-ը:
46-ամյա ամերիկուհին, ով երկու երկվորյակ երեխա էր մեծացնում, հայտնվել է հակապատվաստման արշավի բլոգերների ազդեցության տակ, ովքեր ասել են, որ պատվաստումը վնասակար է եւ վտանգավոր: Չնայած մասնագիտական պատրաստվածությանը՝ բուժքույրը չէր հավատում, որ պատվաստանյութերը փորձարկվել եւ հետազոտվել են նախքան հանրության համար հասանելի դառնալը: Նա համարել է, որ պատվաստումը չի պաշտպանում հիվանդությունից եւ հրաժարվել է պատվաստվելուց:
Օգոստոսի 10-ին Ռայզի 71-ամյա մայրը՝ Նենսին, կորոնավիրուսով հոսպիտալացվել է: Հոսպիտալացումից մի քանի օր անց Նատալին նույնպես վարակվել է COVID-19-ով եւ հայտնվել նույն հիվանդանոցում:
«Ես ցնցվեցի, երբ իմացա, որ նրանք երկուսն էլ հիվանդանոցում են: Չգիտեի, թե ինչով կավարտվի այս ամենը, եւ ով է հոգ տանելու քրոջս երեխաների մասին», - ասել է բուժքրոջ եղբայրը՝ Դերիլը:
Հիվանդի սիրտը հանկարծակի կանգ է առել, նրան 45 րոպե փորձել են վերակենդանացնել, սակայն ապարդյուն: Դերիլին տեղեկացրել են քրոջ մահվան մասին:
Որոշ ժամանակ անց մահացածի մայրը ուշքի է եկել, եւ Դերիլը ստիպված է եղել նրան պատմել դստեր մահվան մասին: «Մայրս նույնիսկ չգիտեր, որ Նատալին հիվանդանոցում է: Նախորդ օրը քույրս նամակ էր գրել նրան՝ հույս ունենալով, որ կկարողանա այցելության գալ վերակենդանացման բաժանմունք, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ», - պատմել է տղամարդը:
Դերիլը ստանձնել է քրոջ երեխաների խնամքը, մինչեւ նրանց տատիկը դուրս կգրվի հիվանդանոցից: Ամերիկացին կոչ է անում բոլոր նրանց, ովքեր դեռ կասկածներ ունեն, շտապ պատվաստվել՝ իրենց եւ շրջապատողներին պաշտպանելու համար: