22 կմ երկարության ջրագծերի անցկացում և օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցում. Գյումրիի Անի թաղամասի ջրացանցի նորացման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ
88-ից հետո կառուցված Անի թաղամասը, քաղաքի հին բնակֆոնդի հետ համեմատ, պետք է որ ունենար շահագործելի, գուցեև վթարներից ապահովագրված ներքին ենթակառուցվածքների ցանց։ Բայց փողոցներում և նկուղներում կուտակվող ջրերն այլ բանի մասին են խոսում։ 30 տարվա թաղամասի ջրագծերը մաշված են, ջրահեռացման ցանցը որոշ հատվածներում չի գործում։ Ջրաշինարարներն արդեն 4 ամիս է աշխատում են թաղամասի տարբեր հատվածներում։
«Հին, մաշված, կոռոզիայի ենթարկված խողովակներ են եղածը։ Մենք ամբողջությամբ նոր ցանց ենք կառուցում։ Աշխատանքային հիդրավլիկան փոխվում է։ Աշխատանքների 65 տոկոսն ավարտված է, թաղամասի 22 կմ երկարության հատվածի 14 կմ-ը, կարելի է ասել՝ վերջացրել ենք։ Էս պահին բնակիչները դեռ հին ցանցով են ջուր ստանում, ցանցը պատրաստ լինելուց հետո շենքերի միացումները կանենք, նոր արդեն ամբողջ ցանցը կշահագործենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Դորոժնիկ» ՍՊԸ ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանը։
Հին ջրագծերը ամբողջ թաղամասում շրջանցում են, չեն ապամոնտաժում, չեն տեղափոխում, այլ զուգահեռ անցկացնում են նոր ցանց։ Առայժմ բնակիչներին հին ու մաշված խողովակներով է ջուր հասնում: Թաղամասի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցի քարտեզագրում, որպես այդպիսին, գոյություն չունի։ Շինաշխատանքներն նաև այդ պատճառով են որոշ հատվածներում ձգձգվում։ Խրամուղիները փորելուց շինարարը հանդիպում է հողային ծածկույթի տակ մնացած կոյուղատարի, մալուխների ու թաղամասի նախկինում եղած կենտրոնացված ջեռուցման համակարգի դիտահորերի:
Ընդհանուր 22 կմ երկարության ջրագծերի անցկացմանը զուգահեռ, Գյումրիի խիտ բնակեցված թաղամասի համար կառուցվում են օրվա կարգավորիչ ջրամբարներ: 6 տարի ուշացած ծրագրի ավարտը ընթացիկ տարում խիստ անհրաժեշտ է։ Ջրացանցի նորոգումով են պայմանավորված թաղամասում ՎԶԵԲ ծրագրով փողոցաշինության մեկնարկի ժամկետները: