Կրեմլն ափսոսանք է հայտնել ՌԴ այցի նախաշեմին Ղրիմի մասով Էրդողանի հայտարարության առնչությամբ
Կրեմլն ափսոսում է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ նախապատրաստվում է Թուրքիայի առաջնորդի այցը Ռուսաստան: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի Դաշնությունն ում է համարում Էրդողանի խոսքերի հասցեատեր, Կրեմլի խոսնակն ասել է.«Իհարկե, մեզ ենք համարում հասցեատեր: Մենք դա այսպես ենք ընկալում: Մենք, իհարկե, ափսոսում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Այնուամենայնիվ, մենք կնախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության թեմաների վրա` լուծելու մեր տարածաշրջանի շատ թեժ մարտահրավերները»,- ասել է Պեսկովը:
Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճին, ասել է, որ Թուրքիան «կարևոր է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի «բռնակցումը» Անկարան չի ճանաչում»: