Բլինքենը ՄԱԿ-ի շրջանակներում Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակն Աֆղանստանում եւ Լեռնային Ղարաբաղում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցությանը նվիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Բլինքենը երեքշաբթի երկկողմ հանդիպումներ է ունեցել Չավուշօղլուի, ինչպես նաեւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Ֆրանսայի հետ: «Ցերեկը [Պետդեպարտամենտի ղեկավարի] Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ տեղի ունեցած հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ»,- նշել են Ամերիկայի ԱԳՆ-ում:
«Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանը»,- շարունակել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:- Նրանք խոսել են նաեւ Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում գտնվող կազմակերպության գլխավոր գրասենյակում: Ընդհանուր բանավեճերը տեղի կունենան սեպտեմբերի 21-ից 27-ը: