64 երկրներում հայը պաշտպանված է` Հայաստանի ոստիկանական միջազգային ասոցիացիայի շնորհիվ. օրինակներ արդեն կան
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի կանոնադրության համաձայն որևէ երկիր եթե ցանկանում է անդամակցել այդ ուժային կառույցին, մեկ այլ լիիրավ անդամ պետություն պետք է միջնորդություն ներկայացնի այդ պետության համար: Հայաստանի համար միջնորդություն ներկայացրել է Ռուսաստանը, իսկ իր առջև դրված բոլոր պարտականությունները Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիան կատարել է գերազանց:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը:
Գրիշա Սարգսյանն ասաց, որ 2008թ.-ից հետո, մինչև լիիրավ անդամ դառնալը, Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիան գործել է որպես Ռուսաստանի մասնաճյուղ, իսկ այնուհետև Դանիայի Կոպենհագեն քաղաքում 2013թ.-ի սեպտեմբերի 20-ին դարձել լիիրավ անդամ:
Այդ տարիների ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, հրավիրվել են նաև Ռուսաստանից ներկայացուցիչներ, որոնց ներկայությամբ գումարվել է նիստ և այդ նիստի ընթացքում նրանք միանշանակ համաձայնել են, որ Հայաստանի ոստիկանական միջազգային ասոցիացիան կարող է հանդես գալ իրենց հովանու ներքո:
Սկզբնական շրջանում հայկական կողմից մասնակցել է 80-100 ոստիկանության թոշակառու և գործող աշխատակից, և այդ անձինք իրենց վրա դրված պարտականությունները կատարել են պատվով:
«Այս տարիների ընթացքում Հայաստանի միջազգային ոստիկանական ակադեմիան բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել թե′ իրավական, թե′ մշակութային:
Հայրենասիրության ոգին բարձրացնելու, մեր պատմական վայրերին ծանոթացնելու և հայապահպանության համար մի քանի անգամ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել ենք ուխտագնացություն դեպի Արցախ և Արևմտյան Հայաստան: Բացի այդ իրավական աջակցություն է ցուցաբերվել ոչ միայն գործող ոստիկաններին, այլ նաև թոշակառուներին, նրանց ընտանիքներին' պաշտպանել ենք նրանց իրավունքները տարբեր ոտնձգությունների ժամանակ», -տեղեկացրեց գնդապետ Գրիշա Սարգսյանը:
Հայաստանում կատարված աշխատանքի արդյունքը տեսնելով՝ Ռուսաստանի ոստիկանական ասոցիացիան միջնորդել է, որ օրակարգ մտնի նաև Հայաստանի լիիրավ անդամ դառնալու հարցը:
Նախքան այդ' 2012թ-ին Իսրայելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է Հայաստանի անդամակցության հարցը, որին դեմ են արտահայտվել Թուրքիան ու նրա համախոհ երկրները, սակայն գերտերությունները, ինչպիսիք են' ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը քննադատել են Թուրքիային` կողմ լինելով Հայաստանի անդամակցությանը:
Անդամ երկրների Ոստիկանական միջազգային ասոցիացիայի նախագահների մեծամասնությունը գեներալներ են, իրենց երկրների ոստիկանապետեր ու բարձրաստիճան զինվորականներ: Այժմ էլ Միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Պիեր Մարտին Մուլին Շվեյցարիայի ոստիկանապետն է, գլխավոր քարտուղարը` Աթենքի ոստիկանապետը: Նման անձինք են գրավված այդ կառույցում, որը ստեղծվել է 1954թ.-ին, ՄԱԿ-ի սոցիալական հանձնաժողովին կից:
Սեպտեմբերի 20-ին Կոպենհագենի գագաթնաժողովում 64 երկիր կողմ է քվեարկել Հայաստանին, և առաջինը շնորհավորել է Թուրքիան: Նախկին խորհրդային երկրներից լիիրավ անդամ են Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը:
Գրիշա Սարգսյանը հպարտ է այն առումով, որ 64 պետության մեջ յուրաքանչյուր հայի կարող է օգնության ձեռք մեկնել Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիան:
Աշխարհի միակ ուժային կառույցի անդամ լինելը մեծ առավելություն է Հայաստանի համար և ուժեղ հենասյուն հայերի համար:
Ոստիկանական միջազգային ասոցիացիայի կարգախոսն է` «Ընկերություն ծառայության միջոցով»: Այս կարգախոսով առաջնորդվելով Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիան արդեն հասցրել է օգնել հայերի:
Մեկ օրինակ բերելով՝ Գրիշա Սարգսյանն ասաց. «Աֆրիկյան երկրներից մեկում ներքաղաքական պատերազմի մեջ էին ընկել Ռուսաստանում պայմանագրով ծառայող հայ օդաչուները, որոնց մեր և Ռուսաստանի ոստիկանական ասոցիացիայի միջոցով փրկեցինք և ետ վերադարձրինք: Նաև Բելգիայում ձերբակալված հայ նախկին ոստիկանին ասոցիացիայի միջնորդությամբ գրավի դիմաց ազատ են արձակել»:
Նման դեպքերը բազմաթիվ են և միջազգային ուժային կառույցում գլխավորող հեղինակավոր անձանց շնորհիվ աշխարհի 64 երկրներում Հայաստանի ոստիկանական միջազգային ասոցիացիան կարող է միջնորդել ու օգնել յուրաքանչյուր հայի: