Ռոնալդուն ՄՅՈՒ տեղափոխվելու համար խախտել է Յուվեի հետ պայմանավորվածությունը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «կարմիր սատանաների» կազմ տեղափոխվելիս խախտել է «Յուվենտուսի» պայմանավորվածությունը, համաձայն որի՝ օգոստոսի 15-ից հետո նա չպետք է տեղափոխվեր այլ ակումբ։ Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ռոնալդուի ներկայացուցիչ Ժորժե Մենդեշը ակումբի հետ քննարկել է Կրիշտիանուի՝ այլ ակումբ տեղափոխությունը։ Գործակալն ու «ծեր սինյորայի» ղեկավարությունը եկել են համաձայնության, որ հնարավոր տրանսֆերը պիտի կայանա մինչև օգոստոսի 15-ը։
«Յուվենտուսն» իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ այդ օրվանից հետո դժվար կլինի պորտուգալացուն փոխարինող գտնելը։ Օգոստոսի 15-ին ակումբը ոչ մի հաղորդագրություն չի ստացել Ռոնալդուից ու Մենդեշից ու համարել է, որ խաղացողը մնում է թիմում։ Այդ մասին հայտարարությամբ հանդես են եկել «Յուվենտուսի» ներկայացուցիչներն ու գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։
Այնուամենայնիվ, օգոստոսի 27-ին ՄՅՈՒ-ն հայտարարեց Ռոնալդուի տեղափոխության մասին։ Պլան «Բ»-ի բացակայության պատճառով «Յուվեն» վարձակալեց «Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինին։