Տղամարդը 1992 թվականից փրկում է կատուներին. 29 տարի նա խնամել է ավելի քան հինգ հազար կենդանիների, որոնցից երկու հազարին սովորեցրել է օգնել էպիլեպսիայով տառապող մարդկանց
Գենսբորո քաղաքից Իան անունով բրիտանացին իր տանը 70 կատու է բնակեցրել և կանոնավոր զբոսանքի է տանում կենդանիներին, հաղորդում է Metro-ն:
56-ամյա ամուրի և անզավակ տղամարդը 1992 թվականից փրկում է կատուներին: 29 տարի նա խնամել է ավելի քան հինգ հազար կենդանիների, որոնցից երկու հազարին սովորեցրել է օգնել էպիլեպսիայով տառապող մարդկանց: Ըստ Իանի, կատուները կարող են հասկանալ մոտալուտ նոպան, երբեմն նույնիսկ դրանից մի քանի ժամ առաջ:
Սակայն կատուների սիրահարի հարևանների շրջանում դժգոհողներ կան՝ նրանք բողոքել են ոստիկանություն, որ կենդանիներին վատ պայմաններում են պահում: Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 3-ին, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ցուցարարներ են հավաքվել Իանի տան մոտ: Նրանք պնդել են, որ այդքան կատուների համար բրիտանացու հողամասում և տանը բավարար տեղ չկա: Նրանք տղամարդուն մեղադրել են, քանի որ կատուներ վարժեցնելը և զբոսնքի տանելը անօրինական և անբարոյական է:
Ի պատասխան բողոքի՝ Իանն ասել է, որ անօրինական ոչինչ չի անում, իր բոլոր կատուները առողջ են, խնամված եւ ապրում են հարմարավետ պայմաններում: Տղամարդը նշել է, որ ժամանակին իր տանը միաժամանակ 140 կենդանի է ապրել: Ժամանակ առ ժամանակ բրիտանացին ճանապարհորդում է վարժեցված կատուների հետ և ներկայացումներ ցուցադրում: Նա տարեկան մոտ 5000 ֆունտ սթեռլինգ է ծախսում իր ընտանի կենդանիների սննդի, քաղցրեղենի, խաղալիքների և բուժման համար:
Ոստիկանությունը տեղական բնակիչների բողոքը փոխանցել է կենդանիների պաշտպանության միությանը, որի ներկայացուցիչները ստուգումներով պետք է գան Իանի տուն:
«Ես չեմ խմում, չեմ ծխում, չեմ վազում կանանց հետեւից: Ես պարզապես ժամանակ եմ անցկացնում կատուների հետ, և բոլոր դժվարություններն անհետանում են: Բացի այդ, կատուներով լի սենյակը շատ տաք է»,- ասել է Իանը: