«Ցանկանում եմ խոսել կանանց խնդիրների մասին». 18-ամյա Լիդիա Ծատրեանը Իրանից եկել է Հայաստան՝ «Միսս Աշխարհ Արմենիա»-ին մասնակցելու նպատակով
18-ամյա Լիդիա Ծատրեանը «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին եկել է Իրանից: Լիդիան ծնվել եւ մեծացել է Թեհրանում: Աղջիկը հետաքրքրվում է սպորտով, երկար տարիներ զբաղվում է վոլեյբոլով, իսկ մոդելինգի ասպարեզում հայտնվել է շատ պատահական: NEWS.am STYLE-ը «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների մասնակիցների մասին նկարահանվող ֆիլմի բեքսթեյջում հանդիպել է Լիդիային ու զրուցել մրցույթին մասնակցելու նրա նպատակի, ասելիքի ու մյուս նախասիրությունների մասին:
«Ես միշտ հետեւում էի «Միսս Արմենիա» մրցույթին, ու մի օր արթնացա ու հենց նույն օրը որոշեցի ես էլ մասնակցության հայտ ներկայացնեմ: Ծնողներս ու ընկերներս շատ աջակցեցին իմ այդ գաղափարին»,-ոգեւորված պատմում է նա:
Լիդիայի խոսքով՝ թե «Միսս Աշխարհ»-ին, թե «Միսս Տիեզերք»-ին մասնակցելն իր համար մեծ պատիվ կլիներ, բայց մասնակցում է «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին, նախ՝ քանի որ չափանիշները հենց այդ մրցույթին են համապատասխանում, բացի դրանից՝ այդ մրցույթի ասելիքն էլ իրեն ավելի հոգեհարազատ է.
«Ինձ ավելի դուր է գալիս «Միսս Աշխարհ» մրցույթը, որն ավելի կենտրոնացած է մարդկանց օգնելու վրա, որտեղ ավելի շատ ուշադրություն են դարձնում ներքին գեղեցկությանը, որն, ըստ իս, ավելի կարեւոր է, քան արտաքին գեղեցկությունը»:
Անդրադառնալով իր մասնակցության մեսիջին՝ Լիդիան նշեց.
«Ես մի քանի թեմա ունեմ, որոնց մասին կուզեի բարձրաձայնել մրցույթի ժամանակ. ամենակարեւորը Հայաստանի թեման է, որ բոլորը ճանաչեն մեր երկիրը, իմանան պատերազմի մասին: Ուզում եմ, որ Հայաստանն անպայման հաղթի այդ մրցույթում, ես այն մտքով չեմ մեկնի, թե մենք չենք հաղթելու: Նաեւ ցանկանում եմ խոսել կանանց իրավունքների մասին: Ես Իրանից եմ, որը շատ փակ երկիր է, որտեղ կանայք շատ խնդիրներ ունեն… Ես ուզում եմ խոսել այնտեղի, Հայաստանի ու, առհասարակ, աշխարհի կանանց խնդիրների մասին»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: