Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել ՀՀ-ի և ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համոզմունք է հայտնում, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օվերչուկը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Armenia Business Forum-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
Նա նախ նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում, աշխատում է, վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի կեսին:«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց, միանշանակ, ակնհայտ է, որ ապաշրջափակումը և տրանսպորտային ուղու վերականգնումը զգալիորեն նոր հնարավորություններ կստեղծի՝ ընդլայնելու, ավելացնելու ապրանքաշրջանառությունը, այդ թվում՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև»,-ասաց Օվերչուկը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, հարցին, թե ինչպես կանդրադառնա ապաշրջափակումը տարածաշրջանում և ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալների վրա, ասաց, որ դժվար կլինի այս պահին ծավալների ճշգրիտ աճ կանխատեսելը:
«Կա երկու հանգամանք, որը դեռևս հետազոտության կարիք ունի: Առաջին հանգամանքը կայանում է նրանում, որ մենք երկար տարիներ, այնուամենայնիվ, եղել ենք սահմանափակումների տիրույթում: Թե ինչ էֆեկտ կունենա ապաշրջափակումը, ակնհայտ է, որ կունենա դրական էֆեկտ, բայց թե ծավալային իմաստով ինչ կլինի՝ պետք է շարունակենք հետազոտել»,-ասաց փոխվարչապետը:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին, Մոսկվայում՝ երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: