Ինչ էլ լինի հայ մնացեք հայեր … Լույս է տեսել «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահ Գևորգ Մինասյանի հերթական գիրքը
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ:
Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս:
Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:
«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին:
Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Եվ ահա դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական մշակույթի գործիչ, հայագետ, գրող, Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահ Գևորգ Մինասյանը:
Ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Թալինի շրջանի Ձորագյուղ գյուղում։ Ավարտել է Մաստարայի միջնակարգ դպրոցը, այնուհետև ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը։1999 թվականից բնակվում է Բելգիայում, Անտվերպենի «Նուարդ» հայկական մշակութային միության հիմնադիր-նախագահն է, Բենելյուքսի երկրներում լույս տեսնող «Լրագիր» հայատառ ամսաթերթի հիմնադիր-խմբագիրը 2009 թվականից Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահն է։
Գևորգ Մինասյանը մշտապես աշխատել է մշակույթի բնագավառում․ 1976-1996 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում, 1996-1998 թվականներին աշխատել է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես Մշակույթի և սպորտի բաժնի պետ, այնուհետև՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ։ Մշակույթի նախարարությունում աշխատելուն զուգընթաց դասախոսել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում, կուսակցական ղեկավար աշխատողների, արհմիութենական համակարգի և պետական ոլորտի մշակույթի աշխատողների վերապատրաստման դասընթացներում։1991 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է։ Նույն թվականից ղեկավարել է Հայ մշակույթի աշխատողների միությունը։
Նախաձեռնել և անց է կացրել մի շարք փառատոներ, այդ թվում՝ պարի միջազգային փառատոներ։Գևորգ Մինասյանը մի շարք մասնագիտական աշխատությունների, պիեսների, 100-ի հասնող հոդվածների հեղինակ է։ Մեծ ավանդ ունի հայապահպանման, հայաճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում։Հեղինակ է մի շարք գրքերի ու հրապարակախոսությունների,որոնցից են՝ «Նախավերջին գնացքը», Երևան, 2010, 186 էջ,«Բելգիան և հայերը», Մաս առաջին, Երևան, 2011, 111 էջ,«Բելգիան և հայերը», Մաս երկրորդ, Երևան, 2012, 211 էջ, «Բելգիան և հայերը»․ Երրորդ դարից մինչև մեր օրերը, Երևան, 2016, 370 էջ,«Նորից մի սպանեք գաղթականին», Երևան, 2018, 243 էջ:
Նշենք,որ հրատարակման ընթացքում են երկու նոր գրքերը, որոնք նվիրված են Բելգիայում ժամանակավոր և մշտապես ապրող հայերին։ Վերահրատարակել է (իր առաջաբանով, նոր նիդեռլանդերենով) ցեղասպանության ականատեսներ Ֆայեզ Էլ Հուսեյնի՝ 1916 թվականին գրած «Կոտորածները Հայաստանում» գիրքը (Անտվերպեն, 2015) և Լադիսլաս Կերկհովի՝ 1931 թվականին նույն վերնագրով գրված գիրքը (Անտվերպեն, 2018)։ Եվ ահա բավականին վերջերս լույս է նրա հերթական «Քամին մեռավ ցրտից» գիրքը:
Ինչպես նախորդ գրքերում,այստեղ ևս հեղինակը տպագրել է Բելգիայում լույս տեսնող միակ հայատառ լույս տեսնող «Լրագիր» ամսաթերթում: Այստեղ անդրադարձ է կատարվել ինչպես բելգիահայությանն,այնպես էլ հայրենիքում կատարվող իրադարձություններին:
Այսպիսով՝ այստեղ ընթերցողը կհանդիպի նաև մի քանի հարցազրույցների, էսսեների, հետաքրքիր պատումների, հեղինակի մի քանի երկրներ այցելությունների տպավորությունների և այլն:
Հեղինակը կարևորություն է տալիս արտերկրում հայ մնալու խնդրին,ապրելու,սիրելու ու կարոտելու հայատառ խնդրին: Իսկ ինչ վերաբերվում է գրքի վերնագրին,ապա կարող ենք նշել այն հանգամանքն,որ սա մանուկ հասակում նա լսել է իր մորից,որը նշանակում է զարմանք,թե սա ոնց կլիներ:
Գիրքը կարդալիս ընթերցողը կհանդիպի այնպիսի զարմանալի փաստերի,որոնց մասին կամ քիչ են անդրադարձել կամ երբևէ ոչ մի առիթով ոչ մի տեղ չեն գրվել:
Այսպիսով՝հուսանք,որ գիրքը կունենա իր ընթերցողների լայն շրջանակը՝ ծանոթացնելով նրանց հետաքրաշարժ իրադարձությունների ու հեղինակի հուշերի հետ, որոնք տեղի են ունեցել ինչպես մայր հայրենիքում,այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի