Իրանական միջուկային ծրագրի «հայրը» սպանվել է իսրայելական «Մոսսադ»-ի գործակալների կողմից՝ հատուկ ստեղծված մարդասպան ռոբոտի օգնությամբ
Իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն, որին անվանում էին Իրանի միջուկային ծրագրի «հայր», սպանվել է իսրայելական «Մոսսադ»հատուկ ծառայության գործակալների կողմից՝ հատուկ ստեղծված մարդասպան ռոբոտի օգնությամբ: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի, իսրայելցի և իրանցի պաշտոնյաներին ու հետախուզության գործակալներին:
Հրատարակությունը նշում է, որ 2007 թվականից ի վեր Իսրայելի հատուկ ծառայությունները սպանել են վեց իրանցի միջուկային գիտնականի, որոնք Ֆահրիզադեի հետ աշխատել են միջուկային մարտագլխիկ ստեղծելու ծրագրի վրա:
Գործակալները փորձել են Ֆահրիզադեին սպանել 2009 թվականին, սակայն հետախուզությունը կասկածել է, որ գործողությունը վտանգված է և վերջին պահին չեղյալ է հայտարարել այն:
Նոր գործողության նախապատրաստումը սկսվել է 2019-ի վերջին և 2020-ի սկզբին՝ Իսրայելի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք բանակցություններից հետո: Ֆահրիզադեն սպանվել է 2020 թվականի նոյեմբերի վերջին Իրանի հյուսիսում՝ Մազանդարան նահանգում:
Մեքենան, որի մեջ նա եղել է, գնդակոծվել է խոշոր տրամաչափի զենքից, որը կառավարվում էր հեռակա կարգով: «Մոսսադ»-ի գործակալներն օգտագործել են բելգիական արտադրության FN MAG գնդացիր, որն ամրացված էր առաջադեմ ռոբոտային սարքին: Ամբողջ կառույցը կշռում էր մոտ մեկ տոննա, ուստի այն մաս-մաս է բերվել Իրան և նորից հավաքվել:Ռոբոտը նախագծվել է այնպես, որ տեղավորվի իրանական հայտնի Zamyad պիկապ բեռնատարի հետևի մասում:
Բեռնատարի վրա տեղադրված էին տեսախցիկներ տարբեր ուղղություններով, մեքենան լցված էր պայթուցիկով:
Գործողության օրը պիկապը սպասում էր այն վայրում, որտեղով պետք է անցներ Ֆահրիզադեն: Նրա մեքենայի ուղղությամբ արձակվել է 15 փամփուշտ, որոնցից մի քանիսը դիպել են գիտնականին: Ինչպես հաղորդում է Fars News-ի իրանական հրատարակությունը, երեք փամփուշտ կոտրել է նրա ողնաշարը:
Գիտնականի սպանությունից հետո պիկապը պայթեցվել է հեռակա կարգով, սակայն զենքն ամբողջությամբ ոչնչացնել հնարավոր չի եղել, ինչպես հույս ունեին իսրայելցի գործակալները: