Սննդաբանը նշել է սալորաչրի առավելությունները կանանց համար
Ամերիկացի սննդաբան Քրիստոֆեր Մորը նշել է սալորաչրի հիմնական օգտակար հատկությունները: Հաղորդում է Eat This, Not That! – ը։
Հիմնականում սալորաչիրը հարուստ է մանրաթելով. դրա 100 գրամը պարունակում է մոտ յոթ գրամ բջջանյութ, կանանց համար օրական պահանջը 22-28 գրամ է, իսկ տղամարդկանցը` 28-34 գրամ: «Ամենից հաճախ սալորաչրի մասին խոսում են որպես բջջանյութի բնական աղբյուր, սակայն սա նրա օգտակար հատկություններից միայն մեկն է», –ասում է Մորը:
Մասնագետն ասել է, որ ամերիկացի օրթոպեդների հետազոտությունների համաձայն՝ այդ չրի ամենօրյա օգտագործումն օգնում է կանխել ոսկրային զանգվածի կորուստը և օգնել պայքարել օստեոպորոզի և ոսկրային այլ հիվանդությունների դեմ, ինչը հատկապես կարևոր է տարեց կանանց համար:
Օստեոպենիայով (ոսկրերի հանքային խտության նվազում) տառապող և օրական հինգից վեց չորացրած մրգերի օգտագործող հետազոտության տարեց մասնակիցները վեց ամսվա ընթացքում կարողացել են կանխել ոսկրային զանգվածի կորուստը:
«Բացի դրանից, վերջին տվյալների համաձայն, նույն քանակությամբ սալորաչիրը թեթևացնում է սրտային հիվանդությունների ընթացքը և պայքարում բորբոքային գործընթացների դեմ: Սալորաչիրը հիանալի արտադրանք է, որը դուք անպայման պետք է ներառեք ձեր ամենօրյա սննդակարգում»,–եզրափակել է Մորը: