Նա երթևեկում է մետրոյով և միայնակ զբոսնում է այգում․ Կիանու Ռիվզը 57 տարեկան է
Սեպտեմբերի 2-ին Կիանու Ռիվզը դարձավ 57 տարեկան, իսկ սեպտեմբերի 9-ին ցուցադրվեց «Մատրիցա.Հարություն» ֆիլմի առաջին թրեյլերը, որում դերասանը կրկին մարմնավորեց մարդկության փրկչի՝ Նեոյի կերպարը։
Տեղին կլինի հիշելը, թե որքան «զիլ» անձնավորություն է Կիանուն, որի տաղանդները չեն սահմանափակվում միայն դերասանական խաղով։
Հնարավոր է, որ հենց դժվարին մանկությունը, իրադարձություններով լի պատանեկությունը եւ այլ փորձությունները, որոնց միջով անցել է Կիանուն, դաձրել են նրան այնպիսի մի մարդ, որը լիակատար տարբերվում է Հոլիվուդյան աստղի կարծրատիպային կերպարից։
Երեք տարեկան հասակում ընտանիքից հեռացել է Կիանուի հայրը, եւ աշխատանք փնտրելու համար մայրը հաճախ է ստիպված եղել տեղափոխվել, ինչի արդյունքում Ռիվզը հասցրել է ապրել ԱՄՆ - ում, Ավստրալիայում եւ Կանադայում:
Մանկության տարիներին «անհնազանդության» համար նրան հեռացրել են Կանադայի արվեստի դպրոցից։
Չնայած դժվարություններին՝ Կիանուն զենքերը վայր չի դրել։
Առաջին դերը Ռիվզը կատարել է ինը տարեկանում ՝ դրվագային դեր խաղալով մյուզիքլում։ Երիտասարդության տարիներին նա փորձել է համատեղել դերասանի մասնագիտական աշխատանքը և ուսումը, բայց, ի վերջո, թողել է ուսումը: Նա այդպես էլ դպրոցի ավարտական և միջնակարգ կրթության վկայական չի ստացել։
Կիանուի թռիչքը դեպի Հոլիվուդյան Օլիմպոս սկսվել է 80-90-ական թվականներին այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Վտանգավոր կապեր», «Բիլի և Թեդի անհավանական արկածները», «Ալիքի կատարին», «Բիլի և Թեդի նոր արկածները» եւ «Դրակուլաան»: Իսկ Ռիվզին գերաստղ է դարձրել «Արագություն» ֆիլմը (1994թ.)։
Արդեն հայտնի լինելով ՝ նա 9 տարի շարունակ ապրել է հյուրանոցներում և վարձով։
Հետո Կիանուի ֆիլմացանկում հայտնվում է գլուխգործոց «Սատանայի դատապաշտպանը», որի հետ կապված շատ հետաքրքիր փաստ կա։
Ռիվզի հոնորարը նվազեցվել է իր իսկ խնդրանքով, որպեսզի պրոդյուսերները հնարավորություն ունենան հրավիրել Ալ Պաչինոյին, որի ծառայությունների վճարման համար գումարը չէր բավականացնում:
1999 թվականին Էկրան Է բարձրանում Վաչովսկի եղբայրների պաշտամունքային «Մատրիցա» ֆիլմը ։ Քննադատները ֆիլմը, ինչպես նաեւ նրա շարունակություններն անվանել են մշակութային շոկ։ Այստեղ կան եւ՛ տեխնիկական, եւ՛ վիզուալ նորամուծություններ, եւ՛ փիլիսոփայական լուրջ ուղերձ... եւ՛, իհարկե, կհանդիպեք հիասքանչ Կիանուին՝ Նեոյի դերում:
Սակայն «Կոնստանտին. Խավարի տիրակալը» ֆիլմից հետո Կիանուի մոտ սկսվեց ստեղծագործական անկում։
«Օր, երբ երկիրը կանգնեց» (2008թ.) ֆիլմի ֆինանսական անհաջողությունը և «47 Րոնիններ» (2013թ.) կինոնկարի՝ բոլոր առումներով տոտալ ֆիասկոն շատերին առիթ տվեցին մտածելու այն մասին, որ Կիանուի դարաշրջանը մոտենում է ավարտին:
Բայց ո՛չ: 2014 թ. Ռիվզը կրկին հայտնվում է էկրաններին «Ջոն Ուիք» սուպերհիթով, որը մեկնարկ տվեց մեգահաջող ֆրանշիզին, որն էլ, ըստ էության, վերակենդանացրեց Կիանուի կարիերան։
Հոլիվուդում Կիանուն հայտնի է որպես «ամենատխուր աստղ». Ռիվզն իրոք ունի պատճառներ այդ համբավի համար։ Նրա կյանքում այնպիսի դժբախտություններ են տեղի ունեցել, որոնք թշնամուն էլ չես ցանկանա։
1999 թվականին Կիանու Ռիվզի ընկերուհին ՝ Ջենիֆեր Սայմը, կորցնում է իրենց ընդհանուր երեխային, իսկ որոշ ժամանակ անց՝ մահանում ավտովթարից։
Զարմանալի չէ, որ այդ ամենից հետո Կիանուն փակվեց ինքն իր մեջ և սիրեց մենակությունը։ Նա հաճախ է այգում միայնակ քայլում, մետրոյով ուղևորվում, ինչպես սովորական մահկանացուները…
Ռիվզը չի սիրում ավելորդ խոսակցություններ իր շուրջը։ Նա դեռ չի ամուսնացել եւ չունի երեխաներ։ Նույնիսկ իր 50-ամյակը Կիանուն նշել է տանը՝ լեյկեմիայով հիվանդ քրոջ հետ:
Հենց քրոջ հիվանդությունից ազդված ՝ Ռիվզը հիմնադրել է քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամը, որին մեծ գումարներ է նվիրաբերում։
Հավանաբար ծանր փորձությունները հանգեցրել են նրան, որ Կիանուն դարձել է աթեիստ։ Նա ունի իր փիլիսոփայությունը նրանց մասին, ովքեր հեռանում են մեր աշխարհից։
Բայց մեզ ՝ սովորական հանդիսատեսներիս համար, Կիանու Ռիվզը մեր իրական կյանքի Նեոն է: Դժվար ճակատագիրը կկոտրեր շատերին, բայց հենց իր օրինակով է Կիանուն ցույց տալիս, որ որքան էլ դժվար լինի, երբեք չպետք է հանձնվել: