Մերկելը բունդեսթագի ընտրություններին կքվեարկի փոստի միջոցով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է օգտվել փոստով քվեարկելու հնարավորությունից բունդեսթագի՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ, հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ոչ, քանի որ կանցլերն այս անգամ կօգտվի փոստի միջոցով քվեարկությունից»,-հայտարարել է Զայբերթը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մամուլի ներկայացուցիչները կհրավիրվեն ընտրատեղամաս, որտեղ քվեարկելու է Մերկելը:
Նա չի պատասխանել այդ որոշման պատճառները պարզաբանող հարցին՝ հղում անելով, որ Գերմանիայի յուրաքանչյուր ընտրող իրավունք ունի օգտնվել փոստային քվեարկության իրավունքից:
«Ես կարող եմ միայն հայտնել փաստը. նա կօգտվի փոստով քվեարկելու հնարավորությունից»,-պատասխանել է նա հարցին՝ արդյո՞ք դա պայմանավորված է համավարակի շուրջ որոշմամբ:
Բունդեսթագի ընտրություններին փոստով քվեարկությունը մեկնարկել է դեռեւս օգոստոսին. 2017 թվականին այդ հնարավորությունն օգտագործել է քվեարկածների մեկ երրորդը: Ընտրատեղամասերում քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 26-ին: Մերկելը, որը գլխավորում է ԳԴՀ-ն 16 տարի շարունակ, չի հավակնում պաշտոնավարման նոր ժամկետին: